Մահացել է հայ ժողովրդի բարեկամ, ԱՄՆ նախկին սենատոր և նախագահի թեկնածու Բոբ Դոուլը
99 տարեկանում մահացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան, ԱՄՆ նախկին հանրապետական սենատոր եւ 1996 թվականի ԱՄՆ նախագահի թեկնածու Բոբ Դոուլը (Ռոբերտ Ջոզեֆ Դոուլ):
«Ծանր սրտով հայտնում ենք, որ սենատոր Ռոբերտ Ջոզեֆ Դոուլը մահացել է այսօր վաղ առավոտյան քնած վիճակում»,- ասվում է կիրակի օրը քաղաքական գործչի կնոջ՝ Էլիզաբեթ Դոուլի կողմից հիմնադրված բարեգործական կազմակերպության թվիթերյան էջին հրապարակված հաղորդագրության մեջ: Մահվան պատճառների մասին չի հաղորդվում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դոուլը 27 տարի՝ 1969-1996 թվականներին, ԱՄՆ Սենատում ներկայացրել է Կանզաս նահանգը, իսկ մինչ այդ ութ տարի եղել է Ներկայացուցիչների պալատի անդամ։ 1996 թվականի նախագահական ընտրություններում նա հանրապետականների թեկնածուն էր, սակայն պարտվեց դեմոկրատ Բիլ Քլինթոնին, ով վերընտրվեց երկրորդ ժամկետով։
Դոուլն այս տարվա փետրվարին հայտարարել էր, որ իր մոտ թոքերի քաղցկեղ են ախտորոշել, փոխանցում է Reuters-ը։
Բոբ Դոուլն իր ողջ կարիերայի ընթացքում եղել է ԱՄՆ-ում հայերի շահերը քարոզող ամերիկացի ամենաակտիվ պետական գործիչներից մեկը։ Երկար տարիներ նա Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծեր է առաջ մղել:
2019 թվականին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախկին սենատոր, հայկական շահերի հայտնի ջատագով եւ լոբբիստ Ռոբերտ (Բոբ) Դոուլին հանրապետության պետական մրցանակ շնորհելու մասին։