Թրամփը հայհոյել է ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան զինվորականին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր «Մար ա Լագո» կեցավայրում Turning Point Action պահպանողական կազմակերպության կազմակերպած միջոցառման ժամանակ քննադատել և հայհոյել է ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան զինվորականին:
Ինչպես գրում է express.co.uk-ը, խոսքը Միացյալ շտաբների պետ, գեներալ Մարկ Միլիի մասին է: Ըստ թերթի՝ նախկին նախագահը ԱՄՆ-ի գլխավոր գեներալին անվանել է «գրողի տարած ապուշ» (f***ing idiot)՝ Աֆղանստանից զորքերի դուրսբերման պատճառով։
Թրամփը պատմել է՝ ինչպես էր Միլին փորձում ապացուցել իրեն, որ ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին, ավելի էժան կլիներ ամբողջ ռազմական տեխնիկան Աֆղանստանում թողնել, քան դուրս բերել երկրից։
«Ես ցանկանում էի, որ յուրաքանչյուր պտուտակ դուրս բերվեր, ամեն ինչ վերցնեինք: Նրանք ամեն ինչ թողեցին: Մի՞թե նրանք չէին կարող մի քանի հարյուր օդաչուներով թռչել ու ինքնաթիռները դուրս հանել»,- ասել է Թրամփը:
Ծաղրելով ԱՄՆ բարձրագույն գեներալին՝ Թրամփը շարունակել է.«Երբեք չեմ մոռանա, որ Միլին ասում էր ինձ՝ պարո՛ն, պարո՛ն, սարքավորումները թողնելն ավելի էժան է, քան բերելը: Ես էլ ասացի՝ իսկապե՞ս:
Դուք ունեք 50 միլիոն դոլար արժողությամբ ինքնաթիռ: Դուք ունեք 29 միլիոն դոլար արժողությամբ հիասքանչ ուղղաթիռ: Մենք ունեինք ամեն տեսակի ուղղաթիռ։ Նրանցից շատերը բոլորովին նոր են: Բառացիորեն տուփից նոր հանված:
Դուք կարծում եք, որ դրանք այնտեղ թողնելն ավելի էժա՞ն է, որպեսզի նրանք կարողանան տիրել դրանց, քան դրանք լիցքավորել կես բաք վառելիքով և թռցնել Պակիստան կամ հետ ուղարկել մեր երկիր:
Ի պատասխան դուք լսում եք՝ «այո՛, պարոն, մենք կարծում ենք, որ դա ավելի էժան է»: Այդ պահին էլ հասկացա, որ նա գրողի տարած ապուշ է»,-ասել է Թրամփը:
Նախկին նախագահի պատմածին ի պատասխան ներկաները ծիծաղել են:
Աֆղանստանից ամերիկյան զորքերի քաոսային դուրսբերումն ավարտվել է օգոստոսի վերջին՝ վերջ տալով երկրում շուրջ 20 տարվա ռազմական ներկայությանը։ Օգոստոսի 14-ին թալիբների կողմից Աֆղանստանի մայրաքաղաք ներխուժելուց հետո երկրից ավելի քան 120 000 զինվոր է դուրս բերվել: