ԵՄ երկրները Աֆղանստանում համատեղ դիվանագիտական առաքելություն բացելու հարցն են քննարկում
Ֆրանսիան եւ ԵՄ մի շարք այլ երկրներ բանակցություններ են վարում Աֆղանստանում համատեղ դիվանագիտական առաքելություն բացելու շուրջ՝ «Թալիբան»-ին որպես պաշտոնական իշխանություն չճանաչելով։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք մտածում ենք մի քանի եվրոպական երկրների հետ կազմակերպել <...> ընդհանուր վայր, որտեղ կարող են ներկա գտնվել եվրոպական դեսպանները»,- շաբաթ օրը Մակրոնի խոսքերն է մեջբերել Reuters-ը:
«Այս քայլը տարբերվում է քաղաքական ճանաչումից կամ թալիբների հետ քաղաքական երկխոսությունից: Մենք կձգտենք որքան հնարավոր է շուտ բացել ներկայացուցչությունը»,- Դոհայից (Կատար) Սաուդյան Արաբիա մեկնելուց առաջ ասել է Ֆրանսիայի ղեկավարը: Նա հավելել է, որ դիվանագիտական առաքելություն բացելու համար անհրաժեշտ կլինի անվտանգության հետ կապված հարցեր լուծել։
Նոյեմբերի վերջին Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական «Թալիբան» շարժման ներկայացուցիչները Կատարում երկօրյա բանակցություններ են վարել ԵՄ դիվանագետների պատվիրակության հետ։ «Թալիբան»-ի պատվիրակությունը եվրոպացի դիվանագետներին կոչ է արել «տարանջատել քաղաքականը հումանիտար նկատառումներից» եւ ընդգծել, որ «կարեւոր է առաջ շարժվել համագործակցության, այլ ոչ թե ճնշման միջոցով»՝ միաժամանակ խոստանալով ապահովել տարածաշրջանում անվտանգությունը: Իրենց հերթին, ԵՄ ներկայացուցիչները, ըստ արմատականների, «աֆղանցի ժողովրդին օգնության ցուցաբերումը շարունակելու իրենց պատրաստակամությունն են հայտնել եւ ասել են, որ Քաբուլում աշխատող ԵՄ մարդասիրական առաքելությունը կշարունակի աշխատանքը»։ Թալիբների եւ Եվրամիության ներկայացուցիչների միջեւ խորհրդակցությունների ավարտին տեղի է ունեցել եռակողմ ձեւաչափով զրույց՝ Կատարի ԱԳՆ պատվիրակության մասնակցությամբ։