Ադրբեջանական կողմը քրգործ է հարուցել Արցախում քաղաքացիական անձի սպանության փաստի առթիվ. ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ դեկտեմբերի 3-ին հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել Արցախի` Մարտունու շրջանում:
«Միջադեպի ժամանակ ադրբեջանական պահակակետում սպանվել է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակիչ։ Դեպքի վայրում ՌԴ խաղաղապահ զորախմբի օպերատիվ խմբի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի Ֆիզուլիի կայազորի զինվորական դատախազության ներկայացուցիչների աշխատանքի արդյունքներով՝ ադրբեջանական կողմը քաղաքացիական անձի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ սույն թվականի դեկտեմբերի 03-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինվորականներ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածք հանդիսացող «Ղուրուսու» կոչվող տեղամասից կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են նշված տեղանքում հայտնված՝ անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ Սեյրան Սմբատի Սարգսյանին և տեղափոխել «Կոհակ» կոչվող բարձունքի վրա տեղակայված մարտական դիրք, որտեղ ազգային ատելության շարժառիթով հրազենից կրակոց արձակելով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են նրան: