Իրանն առաջարկել է արմատապես փոխել միջուկային համաձայնագրի մասին փաստաթղթի նախագիծը
Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման վերաբերյալ Վիեննայի բանակցությունների ընթացքում Իրանն առաջարկել է արմատապես փոխել միջուկային համաձայնագրի մասին փաստաթղթի նախագիծը։ Այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավելի վաղ ասել է, որ ԱՄՆ-ն չի տեսնում որեւէ քայլ Իրանի կողմից, որը հաստատում է ԳՀՀԾ-ի պարտավորությունների իրականացումը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը մտադիր է այդ կապակցությամբ բանակցություններ վարել իր գործընկերների հետ՝ քննարկելու իրանական միջուկային ծրագրի շուրջ մտահոգությունները։
«Ինչպես ես հասկանում եմ, մեր արեւմտյան գործընկերները խորապես տպավորված էին այն փաստով, որ իրանական կողմը շատ էական վերանայում առաջարկեց՝ արմատական փոփոխություններ մտցնել միջուկային փաստաթղթի նախագծում, որը համաձայնեցվել էր նախորդ վեց փուլերում։ Նրանց (արեւմտյան գործընկերներին - խմբ.) թվում էր, որ այդ մոտեցումը չափազանց արմատական է, այստեղից է գալիս նման ցավոտ արձագանքը»,-ասել է Ուլյանովը։
Միաժամանակ նա նշել է, որ Վիեննայի բանակցություններում ԳՀՀԾ-ի վերաբերյալ կանոնն այսպիսին է՝ «ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ»։ «Այսինքն՝ փոփոխություններ, դիրքորոշման փոփոխություններ միշտ էլ հնարավոր են։ Բայց ցանկալի է, որ նման փոփոխությունները ճշգրտվեն եւ չդառնան արգելք առաջընթացի ճանապարհին։ Հետեւաբար, մենք չենք դրամատիզացնում իրավիճակը»,-հավելել է դիվանագետը: