Բլինքեն. ՆԱՏՕ-ն ՌԴ-ի դեմ ագրեսիայի չի ձգտում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր չէ ագրեսիվ գործողություններ ձեռնարկել Ռուսաստանի դեմ։ Այդ տեսակետը նա հայտնել է Reuters Next օնլայն ֆորումի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ, որ ամենակարեւորը, ինչը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծես անտեսում կամ արհամարհում է, այն է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական եւ թափանցիկ դաշինք է»,- ասել է Բլինքենը՝ մեկնաբանելով հայտարարությունները, թե Մոսկվան կարմիր գծեր է համարում ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի հետագա մոտեցումը Ռուսաստանի սահմաններին եւ Ուկրաինայի տարածքում հարվածային համալիրների, ինչպես նաեւ հիպերձայնային զենքի տեղակայումը։
«Միակ սպառնալիքը, որն այժմ գոյություն ունի, Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի վերսկսման սպառնալիքն է»,-հավելել է նա։
«Մենք իսկապես ցանկանում ենք, որ դա տեղի չունենա»,-նշել է Բլինքենը։
Բլինքենի խոսքով՝ Մոսկվայի գործողությունները «հանգեցրել են ՆԱՏՕ-ի պաշտպանության ուժեղացմանը»։