Բաքվում բացատրել են՝ ինչու են հրաժարվել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից
Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը չի կայացել Ադրբեջանի նախաձեռնությամբ։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ադրբեջանական կողմը հրաժարվել է կազմակերպել հանդիպումը՝ «հայ պատգամավորների՝ Ղարաբաղ կատարած ապօրինի այցի պատճառով»։
«Ինչպես գիտեք, դեկտեմբերի 2-3-ը Ստոկհոլմում կայացել է ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը, որին մասնակցել է նաեւ ադրբեջանցի նախարարը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են այս միջոցառման շրջանակում հանդիպում անցկացնել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ։ Միաժամանակ, նախատեսված հանդիպումից մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ ապօրինի այց են կատարել Ադրբեջանի տարածք։ Ի պատասխան այդ գործողությունների՝ ադրբեջանական կողմն աննպատակահարմար համարեց երկու նախարարների հանդիպման անցկացումը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Բաքվում նշել են նաեւ, որ «Երեւանի դիրքորոշումը վնաս է հասցնում տարածաշրջանում խաղաղություն հաստատմանն ուղղված ջանքերին»։