Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները կարևորել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը
Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդիի հետ։
Հայաստանի ու Ղազախստանի արտգործնախարարներն ընդգծել են փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված հայ-ղազախական հարաբերությունների զարգացման նշանակությունը և վերահաստատել քաղաքական երկխոսությունն առավել խորացնելու շահագրգռվածությունը թե՛ երկկողմ, թե՛ ինտեգրացիոն միավորումների ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Այդ համատեքստում կարևորվել է բարձր մակարդակով փոխայցելությունների, ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների անցկացումը։
Երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության խթանման համատեքստում նախարարներ Միրզոյանն ու Թլեուբերդին կարևորել են Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։ Ընդգծվել է նաև ուղիղ չվերթերի վերականգնման դերակատարությունը։
Զրուցակիցները անդրադարձ են կատարել կրթական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության օրակարգին։
Մտքեր են փոխանակվել նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ։
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղազախստանի արտաքին գործերի նախարարության միջև 2022-2023 թթ. համագործակցության միջոցառումների ծրագրիրը։