Արցախցի երիտասարդ կինոռեժիսորի «Ապրելու ցանկություն» ֆիլմը Կաննի կինոփառատոնում լավագույնն է ճանաչվել
Արցախցի երիտասարդ կինոռեժիսոր Մարիամ Ավետիսյանի «Ապրելու ցանկություն» ֆիլմը Կաննի կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Բնիկ մարդկանց մասին լավագույն ֆիլմ» անվանակարգում: Իսկ Մարիամ Ավետիսյանը ճանաչվել է լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի ռեժիսոր:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մ. Ավետիսյանը նշելէ, որ ֆիլմը ցույց է տալիս հետպատերազմյան կյանքն Արցախում, պատերազմի թողած հետևանքներն այստեղ բնակվող մարդկանց վրա:
«Ֆիլմի գաղափարն առաջացել է պատերազմի օրերին: Անընդհատ մտածում էի՝ ինչ կարող եմ անել հայրենիքիս օգնելու, Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու, ինչ-որ բան փոխելու համար: Եվ որոշեցի պատերազմի ավարտից հետո ֆիլմ նկարել Արցախի, արցախցիների մասին: Ֆիլմի անվան շուրջ շատ եմ մտածել։ Եվ երկար քննարկումներից հետո մայրիկիս հետ ընտրեցինք «Ապրելու ցանկություն»֊ը, քանի որ այն բնորոշ է բոլորիս, արցախցիները ցանկանում են ապրել իրենց հայրենիքում:
Սփյուռքից դրական արձագանքներ ենք ստացել, շատ աջակիցներ ունենք տարբեր երկրներից ՝ լրագրողներ, ռեժիսորներ, հայտնի մարդիկ, ինչպիսին, օրինակ, Սերժ Թանկյանն է: Ֆիլմը ներկայացվել է տարբեր փառատոնների՝ Տորոնտոյում, Ավստրիայում, ԱՄՆ-ում, Հայաստանում, Ռուսաստանում և ունեցել հաջողություններ», - ասել է Մ. Ավետիսյանը:
Նրա խոսքով, այս հաղթանակն անսպասելի էր, բայց շատ ոգևորիչ։ Նման ձեռքբերումներն օգնում և հավատ են տալիս, որպեսզի շարժվենք առաջ և փորձենք անել ավելին։