Խոշոր հրդեհ՝ Չարենցավանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ կիսամոխրացած դի. Ներսում երեխա է եղել (Լուսանկարներ)
Կոտայքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 05:35-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի 10-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը բնակարանից իրեր է նետում և ներսում լսվում է երեխայի լացի ձայն ու նկատվում է ծուխ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Չարենցավանի թիվ 47 և 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Հրշեջները մարել են նշված շենքի 4-րդ հարկի բնակարանում առաջացած հրդհեը, որից հետո հյուրասենյակում՝ հատակին բերանքսիվայր հայտնաբերել են կնոջ դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը, ով կիսաայրված վիճակում է, նույն բնակարանի բնակիչ, 89-ամյա Ռոզա Գ.-ն էր: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Կ. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Հրշեջների գալուց իմացանք, որ նման դեպք է տեղի ունեցել, որ մի հոգի մահացել է, իսկ 2 հոգու էլ տեղափոխել են Չարենցավանի հիվանդանոց: Էդ ընտանիքում գրեթե բոլորը ունեցել են հոգեկան խնդիրներ: Մի օր սա պետք է լիներ: Ցավոք, ողբերգություն է տեղի ունեցել»: