ԱՄՆ ՌՕՈւ-ը ձեռք կբերեն նոր տեխնոլոգիա, որը կհեշտացնի թռիչքի ժամանակ կործանիչների օդաչուների բնական կարիքների հոգումը
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը կստանան նոր տեխնոլոգիա, որը կհեշտացնի կործանիչների օդաչուներին, հատկապես կանանց, միզել թռիչքի ժամանակ՝ լուծելով օդաչուների վաղեմի խնդիրը, ովքեր ստիպված են հոգալ բնական կարիքները օդաչուների նեղ խցիկում:
Մոտ ապագայում ռազմաօդային ուժերը կստանան այդ կարիքներն ավելի հեշտ հոգալու համար նախատեսված «Omni Gen. 3 Skydrate» բորտային սարքավորումը:
Նոր համակարգը, ի թիվս այլ բաների, ունի ավելի մեծ պարկ, տարբեր երկարությունների ռետինե խողովակներ եւ հոսքի բարելավված արագություն: Օդաչուները կարող են միացնել եւ անջատել այն մեկ ձեռքով:
Անցյալ տարի ռազմաօդային ուժերը սկսել են ոլորտային աղբյուրներ փնտրել Sky High Relief Challenge ծրագրին մասնակցելու համար՝ նշելով, որ ծառայությունից «պահանջվում է միզապարկի դատարկման բարելավված համակարգ, որը թույլ է տալիս կին օդաչուներին պատշաճ կերպով հոգալ կարիքները թռիչքի ժամանակ՝ առանց սպառնալիքի տակ դնելու թռիչքների անվտանգությանը»:
Համաշխարհային պահանջարկը եւ օդում վառելիքի լրացումը տարիների ընթացքում մեծացրել են առաքելությունների թռիչքների ժամանակը: Այնուամենայնիվ, միզապարկը դատարկելու՝ գոյություն ունեցող տեխնոլոգիան հարմար չէր այս թռիչքների օդաչուների համար: «Ռազմաօդային ուժերը հասկացան, որ գոյություն ունեցող սարքերը օպտիմիզացված չեն երկար մարտական առաջադրանքների համար, եւ արդյունքում անձնակազմերը մշտապես ջրազրկվում էին, որպեսզի հետաձգեն իրենց կարիքները բավարարելու անհրաժեշտությունը», - պարզաբանել են օդային ուժերը:
Սա մեծ խնդիր էր օդաչուների, հատկապես կին օդաչուների համար, ովքեր, ինչպես նախկինում հայտարարել էին օդային ուժերը, «դիմում էին «տակտիկական ջրազրկման»՝ խուսափելու համար դժվարություններից եւ պոտենցիալ վտանգներից, որոնք կապված են թռիչքի ժամանակ կարիքները հոգալու հետ»: