Կրեմլ. Ուկրաինայի հարավ-արեւելքում ռազմական գործողությունների հավանականությունը մեծ է
Ուկրաինայի հարավ-արեւելքում ռազմական գործողությունների հավանականությունը մեծ է, Ռուսաստանի համար դա մտահոգիչ է: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Դոնբասում պատերազմի հավանականությո՞ւնը: Ուկրաինայում ռազմական գործողությունների հավանականությունը նախկինի պես մեծ է։ Սա մեզ համար առանձնահատուկ մտահոգության առարկա է»,-ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Նրա խոսքով՝ Մոսկվան ուղիղ սպառնալիք եւ ռուսական մարզի նկատմամբ ոտնձգություն է համարում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը, ով դեկտեմբերի 1-ին երկրի խորհրդարանում հայտարարել էր,, որ մտադիր է վերադարձնել Ղրիմը։
Նրա խոսքով՝ այդ ձեւակերպումը նշանակում է, որ Կիեւի ռեժիմը մտադիր է օգտագործել ցանկացած հնարավորություն ոտնձգություն իրականացնելու ռուսական մարզի վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես ավելի վաղ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Կիեւը Դոնբաս է ուղարկել 125 հազար զինվոր եւ սպա, այսինքն՝ Ուկրաինայի զինված ուժերի ողջ անձնակազմի կեսը։
Այդ մասին հայտնել է նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա հավելել է, որ Դոնբասում ավելացել է արեւմտյան հրահանգիչների թիվը։ Ռուսական դիվանագիտության ղեկավարի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի երկրների նման գործողությունները կարող են դրդել Ուկրաինայի իշխանություններին «դիմել ռազմական արկածախնդրության», ինչը ուղղակի վտանգ է ներկայացնում Ռուսաստանի անվտանգության համար։
Այդ կապակցությամբ Պեսկովն Ուկրաինայի գործողություններն անվանել է «շատ վտանգավոր արկածախնդրություն», որն «ուղեկցվում է ՆԱՏՕ-ի չծրագրված եւ խրախուսված զորավարժություններով»։