Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները կներկայացվեն Yerevan Jazz Fest-ի շրջանակում
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և Ջազի հայկական ասոցիացիան «YEREVAN JAZZ FEST 2021» միջազգային 7-րդ ջազ փառատոնի շրջանակներում այսօր Արամ Խաչատրան համերգասրահում կներկայացնի համերգ՝ նվիրված մեծանուն երգահան, կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին:
Կազմակերպիչները հայտնում են, որ երեկոյի ընթացքում հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) և Վահագն Հայրապետյան տրիոն։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։ Որպես մենակատարներ հանդես կգան Մավր Մկրտչյանը (բարիտոն), Սոֆյա Սայադյանը (սոպրոնո), Դանիել Մելքոնյանը (շեփոր)։ Կհնչեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները, որոնք իրականացրել է Վահագն Հայրապետյանը։ Նախագծի հեղինակն է ԿԵԱԿ փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը։
Համերգը նույն ծրագրով ներկայացվել է Կամերային երաժշտության տան զբոսայգում, ինչպես նաև մարզերում՝ Կապանի մշակույթի կենտրոնում և Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։
«Yerevan Jazz Fest 2021» միջազգային 7-րդ փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, որտեղ տեղի կունենա փառատոնի պատվավոր հյուրի` աշխարհահռչակ թմբկահար, կենդանի լեգենդ Բիլլի Քոբամի մենահամերգը: Բիլլի Քոբամը ելույթ կունենա իր բենդով: