Խաբեությամբ 1,6 միլիոն դոլար է ստացել Covid-19-ի օգնության ծրագրերի միջոցով և ծախսել Lamborghini սպորտային մեքենայի և այլ շքեղ իրերի վրա
Տեխասից մի տղամարդ դատապարտվել է ինը տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ խաբեությամբ 1,6 միլիոն դոլար է ստացել Covid-19-ի օգնության ծրագրերի միջոցով և գումարը ծախսել Lamborghini սպորտային մեքենայի և այլ շքեղ իրերի վրա:
Ինչպես գրում է The Guardian-ը, 2020 թվականի մարտին այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է 2 տրիլիոն դոլար ծավալով օգնության և ծախսերի վերաբերյալ օրինագիծ՝ անհատների, ձեռնարկությունների և առողջապահական հաստատությունների առջև ծառացած տնտեսական մարտահրավերները մեղմելու համար: Արդյունքում շատ մարդիկ փորձել են խարդախությամբ գումար ստանալ պետությունից:
Նրանց շարքում է եղել նաև Տեխասի 30-ամյա բնակիչ Լի Փրայսը, որը ներկայացրել է կեղծ հարկային փաստաթղթեր և դիմել վարկ ստանալու համար՝ օգտագործելով դիմումը ներկայացնելուց կարճ ժամանակ առաջ մահացած ֆիզիկական անձի անունը:
Փրայսը փորձել է պետությունից ստանալ ավելի քան 2,6 մլն դոլար վարկ, բայց ստացել է ավելի քան 1,6 մլն դոլար: Դատախազների տվյալներով՝ նա գնել է 233 000 դոլար արժողությամբ Lamborghini Urus և 14 000 դոլար արժողությամբ Rolex ժամացույց, ինչպես նաև ծախսել է 2000 դոլար Հյուսթոնի սթրիփ ակումբ գնալու համար:
Նա նաև պետական միջոցներով գնել է Ford F-350 բեռնատար և մարել գույքի վարկը: Արդյունքում իրավապահները Փրայսի յուրացրած միջոցներից առգրավել են ավելի քան 700 000 ԱՄՆ դոլար: