Շղթայակապ է արել 5-ամյա երեխային՝ թողնելով, որ ծարավից մեռնի
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետևորդը, որը հինգ տարեկան եզդի աղջկան շղթայել է արևի տակ ու թողել, որ նա ծարավից մեռնի, ցմահ ազատազրկման է դատապարտվել:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, տղամարդը, որն ուշագնացել է եղել Գերմանիայի դատարաններից մեկում, դատապարտվել է ցեղասպանության համար: Խոսքը Թահա ալ Ջումայլիի մասին է, որը Ֆրանկֆուրտի դատարանի դահլիճ մտնելուց առաջ դեմքը նախընտրել է ծածկել թղթապանակով:
Պարբերականը մանրամասնում է, որ նա դարձել է աշխարհում առաջին մարդը, որը եզդի փոքրամասնության դեմ ցեղասպանության համար ազատազրկման է դատապարտվել:
29-ամյա իրաքցին, որը ձերբակալվել է Հունաստանում, ապա արտահանձնվել Գերմանիա, նաև մեղավոր է ճանաչվել մարդկության դեմ, ռազմական հանցանքների համար, որոնք հանգեցրել են մահվան:
«Սա պատմական պահ է եզդիական համայնքի համար: Եզդիների պատմության մեջ առաջին դեպքն է, երբ հանցագործը կանգնում է դատարանի առաջ՝ ցեղասպանության մեղադրանքով»,- ասել է փաստաբան և ԻՊ-ի կողմից եզդիների դեմ կատարած հանցագործությունների մասին ապացույցներ հավաքող Yazda ՀԿ-ի անդամ Նատիա Նավրուզովը:
Նշվում է, որ Թահա ալ Ջումայլին և նրա այժմ արդեն նախկին կինը՝ գերմանուհի Ջենիֆեր Ուեյնշը, 2015-ին ԻՊ-ի ենթակայության տակ գտնվող Մոսուլում ապրելու ժամանակ գնել են եզդի մի կնոջ ու նրա երեխային՝ որպես տնային ստրուկներ:
Ապա նրանք տեղափոխվել են Ֆալլուջահ, որտեղ իրաքցին 50 աստիճան շոգի պայմաններում շղթայակապ է արել հինգամյա աղջկան՝ այդպիսով նրան պատժելով հիվանդանալու հետևանքով ներքնակին միզելու համար: Դրա հետևանքով եզդի երեխան արևի տակ ծարավից մահացել է:
Մինչդեռ գերմանուհին դատապարտվել է տասը տարվա ազատազրկման: Երեխայի մայրը, որին հաջողվել է ողջ մնալ, վկայություն է տվել երկուսի դեմ:
Եզդիները տարիներ շարունակ հետապնդվել են ԻՊ-ի զինյալների կողմից, որոնք սպանել են հարյուրավոր տղամարդկանց, բռնաբարել կանանց և բռնի ուժով երեխաներին հավաքագրել որպես մարտիկներ:
Մայիսին ՄԱԿ-ի հատուկ քննիչները հայտնել են, որ հավաքել են «հստակ և համոզիչ ապացույցներ» ԻՊ-ի կողմից եզդիների դեմ իրականացված ցեղասպանության վերաբերյալ: