Նոր ժամկետով ընտրվելու իրավունք ունեմ, բայց դեռ չեմ որոշել. Պուտին
«Ռուսաստանն է կանչում» («Россия зовет») ներդրումային համաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարցրել են` ծրագրո՞ւմ է արդյոք հերթական նախագահական ժամկետի համար դնել թեկնածությունը և ի՞նչ նպատակների կցանկանար հասնել հանուն Ռուսաստանի։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Կարծում եմ, որ իմ վերընտրվելը Ռուսաստանի նպատակը չէ», – պատասխանել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ ինքն իսկապես կարող է 2024 թվականին նոր ժամկետով ՌԴ նախագահ ընտրվել։
«Ֆոկուսն այն է, որ Սահմանադրության համաձայն` ես նոր ժամկետի համար թեկնածությունս դնելու իրավունք ունեմ։ Բայց կանեմ դա, թե ոչ, դեռ ինքս ինձ համար չեմ որոշել», – նշել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ այդ իրավունքի առկայությունն արդեն իսկ կայունացնում է ներքաղաքական իրավիճակը։