Սննդաբանը ցրել է նախաճաշին միս ուտելու վնասի մասին առասպելը
Բժիշկ-սննդաբան, Դիետոլոգների և սննդաբանների ազգային ասոցիացիայի անդամ Մարինա Մակիշան «Մոսկվա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հերքել է այն առասպելը, թե նախաճաշին միս ուտելը վտանգավոր է։ Այս մասին հաղորդում է Лента պարբերականը։
Մակիշայի խոսքով՝ առավոտյան միս ուտելը միանգամայն նորմալ պրակտիկա է, քանի որ առավոտյան օրգանիզմը սպիտակուցների կարիք ունի։ Նա նշել է, որ կարմիր մսի օգտագործումը էապես չի ազդում այն գործընթացների վրա, որոնք կապված են սրտանոթային համակարգի հիվանդությունների հետ, ինչպես նաև ինֆարկտների քանակի վրա։
Մասնագետը հավելել է, որ մեծ քանակությամբ մսի օգտագործումը մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը, սակայն միայն այն դեպքում, եթե մարդը բավարար քանակությամբ բանջարեղեն չի ուտում։
Մակիշան խորհուրդ է տվել շաբաթական երեք անգամ միս ուտել և անպայման շատ բանջարեղեն օգտագործել։ Սննդաբանն ընդգծել է, որ քաղցկեղի առաջացման վտանգը մեծանում է նաև կարմիր մսից պատրաստված վերամշակված մթերքների օգտագործման պատճառով։