Սիմոնյանը հավանություն է տվել Հայաստանում երիտասարդ խորհրդարանականների ֆորում անցկացնելու Միջխորհրդարանական միության նախագահի առաջարկին
Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության նախագահ Դուարտե Պաչեկոյին: Ողջույնների փոխանակումից հետո ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Պաչեկոյին Միջխորհրդարանական միության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Կողմերը քննարկել են Հայաստանի խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդու և քաղաքացու հիմնարար ազատությունների և իրավունքների իրացմանը, կանանց ու երիտասարդների ներկայացվածությանն առնչվող հարցեր: Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովում կանայք կազմում են պատգամավորների ընդհանուր թվի 34 տոկոսը:
Միջխորհրդարանական միության նախագահը բարձր է գնահատել խորհրդարանաում կանանց ներկայացվածությունը, որը գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը: Նա կարևորել է նաև երիտասարդների ակտիվ քաղաքական և քաղաքացիական ներկայացվածությունը Հայաստանում առկա գործընթացներին:
Միջխորհրդարանական միության նախագահն առաջարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին երիտասարդ խորհրդարանականների ֆորում անցկացնել Հայաստանում, ինչը հավանության է արժանացել Ալեն Սիմոնյանի կողմից:
Երկուստեք արձանագրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ակտիվ մասնակցությունը Միջխորհրդարանական միության աշխատանքներին: