Որ ըմպելիքն է հանգեցնում վաղաժամ ծերացման
Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիայի համալսարանի գիտնականներն անվանել են այն ըմպելիքը, որը մարդու օրգանիզմը տանում է դեպի վաղաժամ ծերացում։ Նրանց կարծիքով, նման հատկություն ունեն քաղցր գազավորված ըմպելիքները, փոխանցում է Лента պարբերականը։
Մասնագետներն ուսումնասիրել են 20-ից 65 տարեկան ավելի քան 5000 ԱՄՆ քաղաքացիների առողջական վիճակի վերաբերյալ տվյալները։ Հիվանդներից ոչ մեկը չի ունեցել սրտանոթային հիվանդություններ:
Հետազոտության արդյունքում գիտնականները պարզել են, որ քաղցր գազավորված ըմպելիքները արագացնում են հյուսվածքների ծերացումը բջջային մակարդակում։ Այն մարդիկ, ովքեր ավելի հաճախ են ներառել այս մթերքն իրենց սննդակարգում, ունեցել են ավելի կարճ թելոմերներ։ Սրանք ԴՆԹ-ի այն հատվածներն են, որոնք գտնվում են լեյկոցիտների քրոմոսոմների ծայրերում, որոնք կապված են քրոնիկական հիվանդությունների առաջացման բարձր ռիսկի և կյանքի տևողության կրճատման հետ։
Գիտնականները ցույց են տվել, որ օրական 0,5 լիտր քաղցր գազավորված ըմպելիք օգտագործելու դեպքում կյանքի տեւողությունը կարող է կրճատվել 4,6 տարով։
«Քաղցրացված գազավորված ըմպելիքների կանոնավոր օգտագործումը կարող է ազդել հիվանդության զարգացման վրա ոչ միայն օրգանիզմում շաքարի նյութափոխանակության վերահսկման լարվածության, այլև հյուսվածքների բջիջների ծերացման արագացման պատճառով», – ասել է հետազոտության հեղինակներից Էլիսա Էպելը։