Էրդողանն ու Ռաիսին մամուլի համար փակ ռեժիմով հանդիպում են ունեցել
Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 15-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Թուրքմենստան կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկկողմ բանակցություններ է վարել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ։
Երկու ղեկավարների հանդիպումը կայացել է մամուլի համար փակ ռեժիմով «Կարակում» հյուրանոցում: Այն տևել է կես ժամ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Հիեցնենք, որ Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը, որը Թուրքմենստան կատարած այցի շրջանակում ուղեկցում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին, Աշխաբադում հանդիպել և բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։
Հանդիպման ընթացքում երկու նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Ամիր Աբդոլլահիանը ողջունել է Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման անցկացումը՝ այն համարելով կարևոր, արդյունավետ և կառուցողական քայլ տարածաշրջանում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ:
Ադրբեջանի ԱԳ նախարարն, իր հերթին, կարևոր է համարել երկու երկրների և հարևան մյուս երկրների մասնակցությամբ համատեղ ծրագրերի իրականացումը։