Ավելի քան 50 ռուս դիվանագետ կլքի ԱՄՆ-ն. Միացյալ Նահանգներում ՌԴ դեսպան
27 ռուս դիվանագետ ընտանիքներով ստիպված կլինեն լքել ԱՄՆ-ն հունվարի 30-ին։ Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ներկայացուցչության նույնքան մասնագետներ երկիրը կլքեն վեց ամիս անց՝ հունիսի 30-ին։ Այս մասին հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։
«Մեր դիվանագետներին (ԱՄՆ-ում) վռնդում են։ Հունվարի 30-ին ընկերներիցս մի մեծ խումբ՝ 27 հոգի ընտանիքներով կլքի մեզ։ Հունիսի 30-ին նույնքան մարդ կմեկնի այստեղից»,- iz.ru-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ դեսպանը։
Հոկտեմբերի 30-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր ԱՄՆ-ի՝ ևս 55 ռուս դիվանագետների արտաքսելու ծրագրերի մասին։ Նա պարզաբանել էր, որ այս պահին Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատում է մոտ 130 մարդ, մինչդեռ Վաշինգտոնում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունում, ինչպես նաև Նյու Յորքում և Հյուսթոնում երկու հյուպատոսություններում աշխատում է 200-ից պակաս մարդ։
Նույն ամսին ամերիկացի սենատորները խնդրել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին արտաքսել 300 ռուս դիվանագետի, եթե Մոսկվան հրաժարվի ընդլայնել ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը։
Զախարովայի խոսքով՝ ԱՄՆ-ն բացառապես սեփական նախաձեռնությամբ կրճատել է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում հյուպատոսական անձնակազմի թիվը՝ հրահրելով Ռուսաստանի Դաշնության վիզաների տրամադրման ծառայությունների փլուզում։ Նրա խոսքով, ԱՄՆ դեսպանատունն ակտիվորեն չի աշխատում ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական, ո՛չ հումանիտար ոլորտներում։