Թուրքիան Ռուսաստանին եւ Չինաստանին համարում է Թյուրքական խորհրդի բնական անդամներ
Թուրքիան կարծում է, որ Ռուսաստանը եւ Չինաստանը Թյուրքական պետությունների կազմակերպության (Թուրքական խորհուրդ) բնական անդամներ են։ Նման կարծիք է հայտնել Թուրքական պետությունների կազմակերպությանը կից ավագանիում Թուրքիայի ներկայացուցիչ Բինալի Յըլդըրըմը, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Թյուրքական խորհուրդը ձեւավորվել է 2009 թվականին, եւ այսօր այն ներառում է 7 անդամ երկիր։ Հունգարիան եւ Թուրքմենստանը կազմակերպության դիտորդներն են, Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը եւ Ղրղզստանը՝ անդամները: Իհարկե, առաջիկա տարիներին այս թիվը կաճի։ [Կազմակերպության] բնական անդամներն այն պետություններն են, որտեղ խոսում են թյուրքական լեզուներով կամ որտեղ բնակվում են թյուրքեր»,- ընդգծել է քաղաքական գործիչը։
Յըլդըրըմի խոսքով՝ «Բալկանյան բոլոր երկրները, առաջին հերթին՝ Բուլղարիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Սերբիան, Ալբանիան եւ Մակեդոնիան, այս կազմակերպության բնական անդամներն են եւ հետագայում կընդգրկվեն դրա կազմում»։ «Բացի այդ, այս համայնքի բնական անդամներն են Ռուսաստանն ու Չինաստանը։ Մենք մեծ պատասխանատվություն ենք կրում այս հսկայական աշխարհագրության մեջ, եւ մենք դա գիտակցում ենք», - նրա խոսքերն է մեջբերել «Այդինլիք» թերթը։