Թուրքիան վերահաստատել է իր հանձնառությունն ագրեսիվ տոկոսադրույքների կրճատմանը՝ չնայած լիրայի անկմանը
Թուրքիան վերահաստատել է իր հանձնառությունը վերջին ագրեսիվ տոկոսադրույքների կրճատմանը` չնայած լիրայի անկմանը մինչեւ պատմական նվազագույն: Ֆինանսների փոխնախարարը եւ Կենտրոնական բանկը հայտարարել են, որ գնաճը կանցնի, եւ այդպիսի քաղաքականությունն օգնել է խթանել կոմերցիոն վարկավորումը, հաղորդում է Reuters-ը:
Երեքշաբթի օրը լիրան դոլարի դիմաց հասել է 13.45-ի։ Այս տարի արժույթը կորցրել է իր արժեքի 45 տոկոսը, ընդ որում, այդ կորուստների մոտ կեսը տեղի է ունեցել նախորդ շաբաթվա սկզբից: Վերջին երեք օրերի ընթացքում լիրայի վերականգնումից հետո GMT-ի 09:30-ին դոլարի նկատմամբ լիրան մնում է 12.0795 մակարդակում:
Շատ տնտեսագետներ եւ ընդդիմադիր օրենսդիրներ կոչ են անում անհապաղ փոխել քաղաքականությունը, մինչդեռ կառավարությունն ավելի ու ավելի է աջակցում Էրդողանի կողմից դրամական խթաններ տրամադրելուն` չնայած ռիսկերին, այդ թվում` թուրքերի եկամուտների կտրուկ անկմանը:
«Մենք պետք է գնահատենք Թուրքիայի տնտեսությունն ավելի լայն պատուհանի միջով, այլ ոչ թե ` նեղ հեռանկարի, որը հիմնված է միայն փոխարժեքի վրա,- հինգշաբթի ուշ երեկոյան Twitter-ում ասել է ֆինանսների փոխնախարար Նուրեդին Նեբաթին։- Ներկայիս շուկայական պայմաններում հաշվառման տոկոսադրույքը գնաճից ցածր պահելու խնդիր չկա»։
Կենտրոնական բանկի նախագահ Սահապ Քավջիօղլուն հինգշաբթի երեկոյան հանդիպել է բանկային հատվածի ներկայացուցիչների հետ եւ նրանց հետ քննարկել տոկոսադրույքների իջեցումը` ասելով, որ իրենք ներդաշնակորեն են աշխատում ոլորտի հետ եւ սերտ կապեր են պահպանում։
Կենտրոնական բանկն ուրբաթ հայտարարել է, որ սեպտեմբերից սկսած իր դրամավարկային քաղաքականության վերանայումը նշանավորեց առեւյտրային վարկերի աճի վերականգնման սկիզբը:
Ընդդիմադիր քաղաքական գործիչները մեղադրում էին Էրդողանին երկիրը ճգնաժամի մեջ ներքաշելու մեջ եւ կոչ էին անում անհապաղ ընտրություններ անցկացնել, մինչդեռ շատ տնտեսագետներ ներկայիս քաղաքականությունը որպես անխոհեմ են որակել:
«Դժվար է պատկերացնել, թե ինչպես թուրք քաղաքական գործիչները դուրս կգան դրանից՝ հաշվի առնելով ավելի օրտոդոքսալ քաղաքականություն վարելու դժկամությունը»,- ասել է PGIM Fixed Income-ի Կենտրոնական Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի մասով գլխավոր տնտեսագետ Մագդալենա Փոլանը:
Շատ թուրքեր, ովքեր արդեն իսկ բարձր գնաճի են բախվել, վախենում են գների աճի արագացումից: Ոմանք հայտարարել են, որ լիրայի կտրուկ անկումը գլխիվայր շուռ է տվել իրենց ընտանիքի բյուջեն եւ ապագայի պլանները:
Չնայած աճող քննադատությանը` պաշտոնյաներն ասում են, որ Էրդողանն անտեսել է քաղաքականության փոփոխությունների կոչերը, նույնիսկ` իր կառավարության ներսում: Փոխարենը նա պաշտպանում էր քաղաքականությունը եւ երդվեց հաղթել այն, ինչը նա «անկախության համար տնտեսական պատերազմ» է կոչել: