Լավրովը պատմել է, թե ինչն է միավորում Ռուսաստանը, Հնդկաստանն ու Չինաստանը
Ռուսաստանին, Հնդկաստանին եւ Չինաստանին միավորում է առեւտրային պրոտեկցիոնիզմի եւ միակողմանի քաղաքական դրդապատճառներով պատժամիջոցների մերժումը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ՌՀՉ ասոցիացիայի (Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռուս նախարարը նշել է, որ Չինաստանի եւ Հնդկաստանի գործընկերների հետ կարծիքների փոխանակումը կարեւոր է համաշխարհային եւ տարածաշրջանային մակարդակներում աճող տուրբուլենտության լույսի ներքո։
«Շարունակվող COVID-19-ի համավարակի համատեքստում միջազգային հարաբերությունների համակարգը լայնածավալ մարտահրավերների առջեւ է կանգնած տնտեսության եւ սոցիալական զարգացման ոլորտում։ Վիրուսը նաեւ խթանել է համաշխարհային կառավարման ճգնաժամը, պրոտեկցիոնիստական եւ մեկուսացման տրամադրությունների աճը»,- ասել է Լավրովը տեսակոնֆերանսի միջոցով հանդիպման ժամանակ։
Նա նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանը, Հնդկաստանն եւ Չինաստանը միավորում է առեւտրային պրոտեկցիոնիզմի, քաղաքական դրդապատճառներով միակողմանի պատժամիջոցների չարտոնված սահմանման եւ միջազգային հարաբերություններում ուժային մեթոդների կիրառման մերժումը։