ՍԴ-ն շարունակում է քննել պարտադիր պատվաստումների եւ թեստավորումների սահմանադրականության հարցը (Տեսանյութ)
Սահմանադրական դատարանն այսօր՝ նոյեմբերի 26-ին, բանավոր ընթացակարգով շարունակում է քննել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության եւ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Նշենք՝ ըստ նախարարի որոշման, գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք եւ կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։
Ըստ դիմումը ներկայացրած պատգամավորների՝ այդ հրամանը հարկադրում է բոլոր աշխատողներին, կամ իրենց միջոցներով թեստ հանձնել, կամ պատվաստվել: Պատգամավորներն արձանագրել էին, որ այն պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված, այլ ոչ պարտադրված որոշումը:
Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասի` սույն գործով որպես պատասխանող կողմեր դատավարությանը ներգրավված են նշված օրենքն ընդունած մարմինը` ՀՀ Ազգային ժողովը եւ նշված հրամանն ընդունած մարմինը՝ ՀՀ առողջապահության նախարարը։
Նշենք, որ այսօր գործի քննությանը ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանը եւ Արեւիկ Պետրոսյանը պատրաստվում են հանդես գալ միջնորդություններով, ինչպես նաեւ կհնչեն կողմերի եզրափակիչ ելույթները։