Ռուս հայտնի էնդոսկոպիստը՝ «Էրեբունի» ԲԿ-ում (Տեսանյութ)
Ռուս հայտնի էնդոսկոպիստ Եվգենի Սոլոնիցինն այցելել է «Էրեբունի» ԲԿ: Նա ղեկավարում է Սանկտ Պետերբուրգի Ալմազովի անվան Ազգային բժշկական հետազոտական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայությունը:
«Էրեբունի» ԲԿ վիրաբուժական էնդոսկոպիայի ծառայության ղեկավար Արման Պետրոսյանի հետ Եվգենի Սոլոնիցինը կատարել է հիվանդների խորհրդատվություններ և հետազոտություններ՝ նորագույն սարքավորմամբ՝ ուլտրաձայնային էնդոսկոպիկ համակարգով:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի Վիրաբուժական էնդոսկոպիայի բաժանմունքը նորագույն սարքավորմամբ համալրվել է վերջերս: Սարքը հնարավորություն է էնդոսկոպիկ հետազոտությունը համակցել ուլտրաձայնային ախտորոշման հետ՝ ստանալով գերճշգրիտ պատկեր՝ նվազագույն ինվազիվ միջամտությամբ:
Ախտորոշման ժամանակակից մեթոդը կիրառվում է ենթաստամոքսային գեղձի, լյարդի, լեղածորանների ախտահարումների և ուռուցքային հիվանդությունների ախտորոշման համար: Գլխավոր առավելություններից մեկը՝ անհրաժեշտության դեպքում, հենց հետազոտության ընթացքում ուռուցքից բիոպսիայի ստացումն է՝ հետագա հիստոլոգիական քննության համար:
Կարևոր այս միջամտությունը Արման Պետրոսյանը և Եվգենի Սոլոնիցինը կատարել են ենթաստամոքսային գեղձի ուռուցքով հիվանդների ախտորոշման ընթացքում: Բացի այդ Եվգենի Սոլոնիցինը մաստեր կլաս է անցկացրել՝ գործընկերներին ներկայացնելով բժշկության այս ճյուղի արդի հնարավորությունները և նորարարությունները: