ԱՄՆ-ում մեկտեղանոց թռչող ափսեի նախատիպ է ստեղծվել
Ամերիկյան Zeva Aero ընկերությունը ցուցադրել է Zeva Zero մեկտեղանոց թռչող ափսեի տեսքով ինքնաթիռի իրական չափի նախատիպը։ Այս մասին գրում է Around the world ճանաչողական պորտալը` վկայակոչելով Zeva Aero-ն:
Zeva Zero-ն ածխապլաստիկ սկավառակ է՝ մոտ 2.4 մ տրամագծով եւ 317 կգ քաշով։ Սկավառակի երկու կողմերում տեղադրված են կոաքսիալ պտուտակներով երկու էլեկտրական շարժիչներ: Ինքնաթիռը բարձրանում եւ վայրէջք է կատարում ուղղահայաց, իսկ բարձրանալուց հետո անցնում է հորիզոնական դիրքի: Zeva Zero-ն ունի մոտավորապես 80 կմ հաշվարկային հեռավորություն, իսկ առավելագույն արագությունը՝ 257 կմ/ժ:
Ենթադրվում է, որ օդաչուները Zeva Zero կմտնեն հատուկ լյուկի միջոցով, իսկ հորիզոնական թռիչքի ժամանակ նրանք պետք է լինեն պառկած դիրքում՝ դեմքով դեպի ներքեւ (այս առումով Zeva Zero-ով թռնելը կարելի է համեմատել սուպերհերոսի թռնելու հետ):
Ինքնաթիռը համալրված կլինի կառավարմամբ անհրաժեշտ սիստեմով, իսկ Zeva Zero-ի ապագա տարբերակները կկարողանան օդ բարձրանալ լիովին ավտոմատ կերպով։
Ընկերությունն աշխատում է նաեւ Zeva Zero-ի համար հատուկ վայրէջքային կայանների ստեղծման գաղափարի շուրջ, որոնք կարող են տեղադրվել բարձրահարկ շենքերի ֆասադներին։