ԱՄՆ-ին կարելի է ծնկի բերել մեկ հարվածով. The Washington Times
Ամերիկյան ենթակառուցվածքը կարող է չդիմանալ Ռուսաստանի և Չինաստանի էլեկտրամագնիսական զենքի կիրառմամբ հարձակմանը։ РИА Новости պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Washington Times-ը՝ վկայակոչելով «Համընդհանուր խաղաղության ֆեդերացիայի» համաժողովի արդյունքները, որը խորհրդատվական կարգավիճակ ունի ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդում։
Փորձագետների կարծիքով՝ այս խնդիրը երկար ժամանակ է քննարկվում, սակայն Չինաստանում հիպերձայնային զենքի վերջին փորձարկումներն այն հատկապես արդիական են դարձրել։ Փորձագետները համոզված են, որ առկա տեխնոլոգիաները, զուգակցված նոր մշակումների հետ, թույլ կտան Պեկինին «մեկ հարվածով» թողնել ամերիկացիներին առանց էլեկտրականության, ջրամատակարարման, կոյուղու, տրանսպորտի և առևտրի։
«Նրանք կկիրառեն ոչ միայն էլեկտրամագնիսական զենք, այլև կիբերհարձակումներ, ինչպես նաև ֆիզիկական սաբոտաժ»,- թերթը մեջբերում է ԿՀՎ վերլուծաբան Փիթեր Վինսենթ Պրայայի խոսքերը։
Պրայայի խոսքով՝ նման վտանգ գալիս է նաև Ռուսաստանից և Հյուսիսային Կորեայից, թեև վերջինս չունի այնպիսի լայն հնարավորություններ, ինչպիսիք Չինաստանը։
Միացյալ Նահանգներում մեկ տարով էլեկտրաէներգիայի անջատումը կարող է հանգեցնել ամերիկացիների գրեթե 90 տոկոսի մահվան, նշում է թերթը։
«Այս երկրները կարող են մեզ ծնկի բերել մեկ օրում, ընդ որում կարիք չի լինի կռվել ո՛չ ծովային հետևակայինների, ո՛չ նավատորմի և ո՛չ էլ ռազմաօդային ուժերի հետ»,- ասում են փորձագետները։
Նրանք համոզված են, որ եկել է ժամանակը, որպեսզի Միացյալ Նահանգները մտածի՝ ինչպես խուսափել Ահեղ դատաստանի հնարավոր սցենարից։