Թուրքիայում շարունակվել են Էրդողանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները
Թուրքիայում շարունակվում են երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները՝ լիրայի փոխարժեքի անկման եւ դրա հետեւանքով տնտեսական դժվարությունների ֆոնին։
Նախօրեին ցույց են անցկացվել Թուրքիայի մի շարք քաղաքներում, հատկապես՝ Ստամբուլում։ Մասնակիցները վանկարկում են՝ «Մենք չենք կարողանում վաստակել ապրելու համար» եւ «Կառավարություն, հրաժարական տուր», հաղորդում է Bianet-ը։
Արտարժույթի նկատմամբ թուրքական լիրայի արժեզրկումը ռեկորդային ցուցանիշի է հասել նոյեմբերի 23-ին, երբ ԱՄՆ դոլարի փոխարժեքն ամբողջ օրվա ընթացքում կազմել է 13,48։
Բողոքի ցույցերը շարունակվել են մեկ օր անց՝ նոյեմբերի 24-ին, Ստամբուլում, Ադանայում, Բուրսայում, Անթալիայում, Մերսինում, Դիարբեքիրում, Հաթայում, Էդիրնեում, Էսքիշեհիրում, Դենիզլիում եւ Սամսունում։
Մերսինում ոստիկանությունը ճնշել է բողոքի ակցիաները։ Ոստիկանները հարձակվել են մասնակիցների վրա Չանաքալեի Մյումթազ Փիրինչիլեր հրապարակում։ Նախնական տվյալներով՝ Չանաքալեում ձերբակալվել է 13 մարդ։
Տեսանյութը՝ այստեղ:
Մայրաքաղաք Անկարայում Բիլքենթի համալսարանի ուսանողները բողոքի ցույց են անցկացրել «Արդարություն եւ զարգացում» կուսակցության դեմ՝ հայտարարելով. «Երիտասարդներն ապստամբում են եւ դիմադրում ԱԶԿ-ին»։
Անկարայի մերձավորարեւելյան տեխնիկական համալսարանի (METU) ուսանողները նույնպես բողոքել են Թուրքիայում տնտեսական ճգնաժամի եւ կոռուպցիայի դեմ. «Մենք մեր երկիրը չենք թողնի սպեկուլյանտներին, ավազակներին, գողերին»։
Սամսունի աշխատանքային եւ դեմոկրատական ուժերի կոչով բողոքի ակցիա է անցկացվել «Կառավարություն, հրաժարական տվեք» կարգախոսով։
Լուսանկարները՝ այստեղ:
Associated Press-ը հաղորդել է, որ թուրքական հատուկ ջոկատայինները չորեքշաբթի ցրել են Ստամբուլում բողոքի ցույցերը։ Բերման են ենթարկվել տասնյակ ցուցարարներ։ Ցուցարարները պահանջել են Էրդողանի կառավարության հրաժարականը։
Ոստիկանները վահաններ են օգտագործել ամբոխը ցրելու համար եւ բերման ենթարկել ցուցարարներից մի քանիսին։