Փաշինյանի ամենամեծ սխալն է, երբ ասում է՝ մենք միլիմետրի ճշգրտությամբ գիտենք Հայաստանի սահմանները. չի կարող այս երկրում որևէ մեկն իմանալ Հայաստանի սահմանները՝ ճշգրտությամբ. դա ասում եմ որպես մարդ, ով անվտանգության ոլորտի մասնագետ է
Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սխալն է, երբ ասում է՝ մենք միլիմետրի ճշգրտությամբ գիտենք Հայաստանի սահմանները. չի կարող այս երկրում որևէ մեկն իմանալ Հայաստանի սահմանները՝ ճշգրտությամբ. դա ասում եմ որպես մարդ, ով անվտանգության ոլորտի մասնագետ է, մարդ, ով սահմանապահ զորքերի ղեկավարն է եղել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Հայաստանի Հանրապետությունը չունի 100 տոկոս՝ միլիմետրի ճշգրտությամբ սահմանների նկարագիր»,-ասաց նա:
Անդրադառնալով դելիմիտացիային և դեմարկացիային, վանեցյանը նշեց, որ դրանք անհրաժեշտ գործընթացներ են, սակայն դրանք իրենց ընթացակարգն ու անհրաժեշտ նախադրյալները պետք է ունենան, իսկ վարչապետի հայտարարությունները՝ Խորհրդային քարտեզներին հղումներով, զուրկ են հիմնավորումից։
«Խորհրդային միության ժամանակահատվածում Սովետական Հայաստանը սահման ունեցել է միայն Իրանի և Թուրքիայի հետ։ Ադրբեջանի և Վրաստանի հետ մենք ունեցել ենք վարչական սահմաններ, իսկ վարչական սահմանները պետական սահմաններից էականորեն տարբերվում են», - նշեց Արթուր Վանեցյանը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը «գծվել» է արյամբ, և դա պաթոս չէ, դա իրականություն է։ Տասնյակ հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր նահատակված տղաներ՝ 90-ականներից սկսած։ Այդքան զրկանքներ, այդքան դժվարություններ, և այդ սահմանն իրականում «գծվել» է արյունով, և մի գրչի հարվածով մի մարդ, ով չգիտեմ ոնց՝ եկել, այս փուլում դարձել է ՀՀ ղեկավար, ստորագրում է և տալիս է այդ սահմանները», - ասաց Վանեցյանը։
Նրա խոսքով՝ պատերազմի արդյունքում ձևավորված սահմանը պետք է ոչ թե Խորհրդային միության սահմանի կամ վարչական սահմանի տրամաբանությամբ դիտարկել, այլ նաև բնագծերով:
«ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ես եմ հրաման տվել Սյունիքում զորքերըհետ քաշելու: Գլուխդ պատով ես տվել, դու ո՞վ ես, որ տենց հրաման տաս: Երբ ես առաջին անգամ ձերբակալվելուց հետո ինձ լրագրողը հարցրեց՝ դուք ի՞նչ կանեիք, չէիք ստորագրի՞, եթե ՆԻկոլ Փաշինյանի փոխարեն լինեիք: Ես ասացի՝ ոչ: Ասաց՝ բա Ստեփանակերտն էր վտանգված: Ասացի՝ ոչինչ, թող Ստեփանակերտն էլ տար, Լաչինն ու Քելբաջարը պահեր: Էլի եմ ասում՝ պետք չէր ոչինչ ստորագրել, պետք էր իրավիճակը գնահատել: Պաշտոնական տվյալներով 25 հազարից ավելի զորք ունեինք Արցախի տարածքում, հետ քաշել, դիրքավորվել Լաչինի ու Քելբաջարի տարածքում, ապահովել ՀՀ անվտանգությունը, որն այսօր չունենք: Ես վստահեցնում եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց Բայրաքթարներով չէին կարողանալու գրավել Լաչինն ու Քելբաջարը»,-ասաց նա: