Թուրքիայում սոցցանցերում հակաիշխանական գրառումների համար քրգործեր են հարուցվել
Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը հայտնել է, որ հարուցվել են քրեական գործերի ազգային արժույթի՝ լիրայի անկումից հետո սոցիալական ցանցերում փողոցային բողոքի ակցիայի կոչեր հնչեցնելու դեպքերի առնչությամբ: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Նշվում է, որ քրգործեր հարուցվել են սոցիալական ցանցերում գրառումներ արած 271 օգտատերերի դեմ:
Թուրքական լիրայի անկումից հետո Ստամբուլում, Անկարայում և մի շարք այլ քաղաքներում բողոքի ակցիաներ էին իրականացվել: Մասնակիցները պահանջում էին կառավարության հրաժարականն ու իշխանությունից «Արդարություն և զարգացում» կուսակցության հեռացումը:
Թուրքական լիրան նոյեմբերի 23-ին գրանցել է անկման հերթական ռեկորդը. մեկ դոլարի համեմատ լիրան արժեզրկվել է՝ հասնելով 13․5-ի: Վերջին մեկ տարում լիրան արժեզրկվել է մոտ 45 տոկոսով:
Լիրայի կայունացման նպատակով նախորդ շաբաթ Թուրքիայի Կենտրոնական բանկն իջեցրել էր առանցքային տոկոսադրույքներից մեկը: Տոկոսադրույքի իջեցման ակտիվ ջատագովներից է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով տոկոսադրույքներն անվանում է «ազգի դժբախտությունը»: ԿԲ-ն իր հերթին փորձում է համոզել իշխանություններին, որ տոկոսադրույքների նվազեցումը լուծում չէ, և այն բացասաբար է ազդելու ֆինանսական ցուցանիշների վրա: