Dior նորաձեւության տունը ներողություն է խնդրել Չինաստանից ցուցահանդեսում սկանդալային լուսանկարի համար
Christian Dior ֆրանսիական բարձր նորաձեւության տունը հայտարարել է, որ «հարգում է չինացիների զգացմունքները», այն բանից հետո, երբ Շանհայում Dior-ի ցուցահանդեսին ցուցադրված լուսանկարներից մեկը վրդովմունք առաջացրեց չինացիների շրջանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Շանհայում բացվել էր Christian Dior-ի Lady Dior խորագրով ցուցահանդեսը, որի շրջանակներում լուսանկարչական ցուցահանդես էր կազմակերպվել: Լուսանկարներից մեկը պայուսակ ձեռքին ասիացի աղջկա դիմանկարն էր, որն առաջացրել էր չինացիների վրդովմունքը։ Չինացիների կարծիքով՝ լուսանկարը չինուհիներին «վատ լույսի ներքո» է ներկայացրել։
Ինչպես նշվում է երեքշաբթի օրը նորաձեության տան` Weibo հարթակում էջին հրապարակված հաղորդագրության մեջ, լուսանկարի հետ կապվախ քննադատություն հայտնվեց համացանցում, Dior-ն «անմիջապես մեծ նշանակություն տվեց դրան եւ անմիջապես ջնջեց համապատասխան լուսանկարը Dior-ի պաշտոնական կայքում, լուսանկարը հանվեց նաեւ ցուցահանդեսից»։
«Dior-ը, ինչպես միշտ, հարգում է չինացի ժողովրդի զգացմունքները, խստորեն հետեւում է չինական օրենսդրությանը եւ աշխատում է համապատասխան գերատեսչությունների հետ՝ վերանայելու եւ հաստատելու բոլոր հրապարակային ցուցադրված աշխատանքները: Եթե ինչ-որ սխալ է եղել, մենք միշտ պատրաստ ենք լսել մեկնաբանությունները, այնուհետեւ ժամանակին ուղղել սխալը։ Dior-ի անկեղծ մտադրությունները չինական հասարակության եւ սպառողների նկատմամբ անսասան են»,- ասվում է հայտարարության մեջ:
Անցյալ շաբաթ Beijing Daily-ն հոդված էր հրապարակել՝ «Այսպիսին են չինուհիները. Արեւմտյան շքեղ ապրանքանիշերը վերադառնում են հնին... » վերնագրով: «Լուսանկարում փոքր, կկոցած աչքերով մոդել է` կապտասեւ ստվերներով, մռայլ կնճիռներով, յուղոտ մազերով եւ միեւնույն ժամանակ դեռ Ցին դինաստիայի հագուստով»,- գրում է պարբերականը:
China Women's News-ը լուսանկարի վերաբերյալ իր հոդվածում գրել է, որ ցուցահանդեսը եւս մեկ անգամ ցուցադրել է «արեւմտյան որոշ ապրանքանիշերի գեղագիտական եւ մշակութային ամբարտավանությունն ու նախապաշարմունքները», ինչպես նաեւ` «չինական մշակույթը խեղաթյուրելու» մտադրությունը: