Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հերթական ագրեսիան լուրջ սպառնալիք է տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման ջանքերին․ Արարատ Միրզոյանն ասել է Իրանի ԱԳ նախարարին
Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, տեղեկացնում է ԱԳՆ կայքը։
ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Նախարար Միրզոյանն իր գործընկերոջը մանրամասն ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ վերջերս իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նա հավելել է, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հերթական ագրեսիան լուրջ սպառնալիք է տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման ջանքերին։
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը։
Երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև Հայաստանի և Իրանի բազմոլորտ համագործակցության մի շարք հարցերի՝ պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ: Կարևորվել է բարձր մակարդակում փոխայցելությունների իրականացումը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, ենթակառուցվածքների, էներգետիկայի ոլորտներում կապերի ընդլայնման շուրջ։
Կարևորվել է նաև «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ համաձայնագրի ուղղությամբ նպատակաուղղված աշխատանքների իրականացումը։