ԱՄՆ-ը դեկտեմբերին «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին հրավիրել է 110 երկրների եւ տարածքների, այդ թվում՝ Հայաստանին
Միացյալ Նահանգները դեկտեմբերին կայանալիք «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին» հրավիրել է 110 երկրների եւ տարածքների, այդ թվում՝ Հայաստանին։ Գագաթնաժողով տեղի կունենա տեսահամաժողովի ձեւաչափով:
Հրավիրվածների ցանկը հրապարակվել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կայքում։ Հրավիրվածների թվում բացակայում են Ռուսաստանը եւ Չինաստանը: Ընդ որում, մասնակիցների թվում նշված է Թայվանը, որն, ըստ ՉԺՀ-ի պաշտոնական դիրքորոշման, Չինաստանի նահանգներից մեկն է:
Նախկին ԽՍՀՄ պետությունների թվում մասնակիցների ցանկում նշված են միայն Հայաստանը, Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Ուկրաինան եւ Էստոնիան: Մերձավոր Արեւելքի երկրների թվում նշված են Իսրայելն ու Իրաքը, սակայն հրավիրված չեն ԱՄՆ ավանդական դաշնակիցներ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Կատարն ու ԱՄԷ-ն։
Վաշինգտոնը մտադիր է «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովն» անցկացնել դեկտեմբերի 9-10-ը տեսակոնֆերանսի ռեժիմով, որտեղ կհավաքվեն երկրների ղեկավարներ, իրավապաշտպաններ եւ գործարարներ։