Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ն սերտ կապ է պահպանում Ուկրաինայի իշխանությունների հետ
Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին երեքշաբթի վստահեցրել է, որ Վաշինգտոնն ու Կիեւը կապի մեջ են, սակայն չի հաստատել Ուկրաինա լրացուցիչ զենք ուղարկելու հնարավորության մասին լուրերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք սերտ կապի մեջ ենք Ուկրաինայի ղեկավարության հետ, բայց ես այսօր հայտարարելու ոչինչ չունեմ»,- ասել է նա՝ հերթական ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին` արդյոք Միացյալ Նահանգները կարող են լրացուցիչ զենք կամ ռազմական խորհրդատուներ ուղարկել Ուկրաինա եւ արդյոք Կիեւից հարցումներ եղել են։
Փսակին հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հրահանգել էր Պենտագոնի միջոցների հաշվին Ուկրաինային մինչեւ 60 մլն դոլարի չափով ռազմական օգնություն հատկացնել։ Սպիտակ տան մամուլի քարտուղարի խոսքով՝ Բայդենի օրոք ԱՄՆ-ն «բազմիցս ցույց է տվել, որ կարող է օգտագործել մի շարք գործիքներ՝ Ռուսաստանի վնասատու գործունեությանը հակազդելու համար»։