Միշուստինը մաքուր հայերեն է խոսել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նոյեմբերի 18-20-ը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում Երեւանում գտնվող ՌԴ վարչապետը, ըստ մամուլի, երեկոն անցկացրել է հայկական ջազ միջավայրում՝ «Մալխաս» ջազ ակումբում։ Այդ օրը մայրաքաղաքի կենտրոնի երթեւեկությունը մի քանի ժամ կաթվածահար էր, գրվեց, որ Հայաստան ժամանած վարչապետները՝ Փաշինյանի հետ, Թումանյան փողոցում գտնվող «Մալխաս» ակումբում են, դրա պատճառով են փողոցները փակվել։
Սակայն մենք պարզեցինք, որ Նիկոլ Փաշինյանը ներկա չի եղել ջազ երեկոյին, ջազմեն Լեւոն Մալխասյանը հաստատեց դա եւ ասաց, որ ներկա են եղել ՌԴ, Ղազախստանի եւ Բելառուսի վարչապետները՝ իրենց ուղեկիցների, այդ թվում՝ թիկնապահների հետ։ Թիկնապահները տեղավորվել են ակումբի երկրորդ հարկում, վարչապետները՝ առաջին։
Երեկոն անցել է բավականին մտերմիկ մթնոլորտում։ Հայկական արմատներով Միշուստինը մաքուր հայերեն է խոսել ջազմենի հետ, ապա լուսանկարվել նրա հետ։ Մալխասը չթաքցրեց, որ անակնկալի է եկել ՌԴ վարչապետի հայերենից։
Մինչ նվագելը ներկաներից մեկը կատակել է, թե «ձեր սահմանների հարցը հիմա կախված է նրանից, թե ոնց կնվագի Մալխասը»։ Մալխասի կատարումը հիացրել է վարչապետներին։ Ոգեւորությունն այնքան մեծ է եղել, որ Միշուստինն ասել է՝ շատ բարդ բան է մաեստրոյից հետո նման հանդգնությունը, բայց ինքն էլ է ուզում նվագել։
Մենք հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս էր նվագում ՌԴ վարչապետը, Մալխասն ասաց․ «Բավականին հաջող»։ Պարզվում է՝ ՌԴ կառավարության ղեկավար Միշուստինը ռուսական էստրադայի մի շարք հայտնի կատարողների համար երգեր է հեղինակել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: