Թուրքիայում լիրայի ռեկորդային անկման հետ կապված բողոքի ցույցեր են անցկացվել
Թուրքիայում բողոքի ցույցեր են անցկացվել՝ կապված լիրայի ռեկորդային անկման հետ։ Թուրքական DW ծառայության փոխանցմամբ՝ Անկարայում եւ Ստամբուլի որոշ թաղամասերում կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են տեղի ունեցել։
Լրագրող Բուրջու Յըլդըրըմի՝ Թվիթերում հրապարակված նկարներից երեւում է, որ Անկարայի Չանքայա շրջանում հավաքված քաղաքացիները բողոքում են փոխարժեքի բարձրացման դեմ՝ վանկարկելով «ԱԶԿ (Արդարություն եւ զարգացում կուսակցություն), հրաժարական տուր»: Իր գրառման մեջ Յըլդըրըմը գրել է, որ ցուցարարները ոստիկանության կողմից խոչընդոտների են բախվում։
Բողոքի ցույցեր են անցկացվել Ստամբուլի մի շարք թաղամասերում։ Բնակիչները կաթսաներով ու թավաներով աջակցել են ցուցարարներին։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը եւ իշխանությունից հեռացնել իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությանը։ Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել ցուցարարներին ցրելու համար։
Երեքշաբթի թուրքական արժույթը նոր հակառեկորդ է սահմանել՝ մեկ դոլարի դիմաց 11.37 լիրայից ընկնելով մինչեւ 13.21 լիրայի այն բանից հետո, երբ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան «անկախության համար տնտեսական պատերազմ» է վարում եւ խոստացել է տոկոսադրույքները գնաճից ցածր մակարդակի վրա պահել։