Պեսկով․ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակում գործել Ուկրաինայի վրա եւ որեւէ ագրեսիվ ծրագիր չունի
Ռուսաստանը չի պատրաստվում հարձակում գործել Ուկրաինայի վրա եւ որեւէ ագրեսիվ ծրագիր չունի։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ով՝ ում վրա է հարձակվում՝ Ռուսաստանն Ուկրաինայի՞, թե՞ Ուկրաինան Ռուսաստանի։ Ամերիկյան եւ ուկրաինական ԶԼՄ-ները գրում են, որ Ռուսաստանն ագրեսիա է նախապատրաստում Ուկրաինայի դեմ, իսկ մենք հաստատում ենք, որ Ուկրաինան ծրագրում է ագրեսիվ գործողություններ իրականացնել Դոնբասի, ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի դեմ։ Բազմիցս հայտարարել ենք ամենատարբեր մակարդակներում, որ Ռուսաստանը չի պատրաստվում որեւէ մեկի վրա հարձակում գործել եւ որեւէ ագրեսիվ ծրագիր չունի։ Սխալ է հայտարարել հակառակի մասին»,-ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Bloomberg ամերիկյան գործակալությունը հոդված էր հրապարակել՝ հղում կատարելով իր աղբյուրներին, որում ասվում էր, թե, իբր, ԱՄՆ հետախուզությունը բացահայտել է 2022 թվականի սկզբին Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման ծրագրերը։ Գործակալությունը նշել է, որ օպերացիային, իբր, մասնակցելու է մոտ 100 000 զինվոր։