ԱՄՆ-ն դիտարկում է Ուկրաինա ռազմական խորհրդատուներ ուղարկելու հնարավորությունը
Միացյալ Նահանգները դիտարկում են Ուկրաինա իր ռազմական խորհրդատուներին, ինչպես նաեւ լրացուցիչ զենք ուղարկելու հնարավորությունը՝ հաշվի առնելով ուկրաինական սահմանի մոտ ռուսական ռազմական ուժերի ենթադրյալ կուտակումները: Այս մասին երկուշաբթի հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Դրա տվյալներով՝ ամերիկյան իշխանությունները մտածում են Javelin հակատանկային հրթիռային համակարգեր եւ ականանետներ ուղարկել Ուկրաինա։ Բացի այդ, ուկրաինացի զինվորականները կարող են ԱՄՆ-ից շարժական Stinger զենիթահրթիռային համակարգերի խմբաքանակ ստանալ, ինչպես նաեւ` ամերիկացիների կողմից գնված ռուսական «Մի-17» ուղղաթիռներ, որոնք ի սկզբանե նախատեսված էին աֆղանական բանակի համար։
Հեռուստաալիքը նշում է, որ ԱՄՆ վարչակազմի մի շարք ներկայացուցիչներ մտահոգված են, որ այդպիսի մատակարարումները Մոսկվան կարող է որպես իրավիճակի նկատելի սրման հանգեցնելու ԱՄՆ-ի փորձ ընկալել, ուստի, չնայած Ուկրաինային նաեւ ռազմական խորհրդատուներ տրամադրելու պատրաստակամությանը, ԱՄՆ-ն վստահ չէ, որ նրանցից որեւէ մեկը կկարողանա անձամբ ժամանել։