Ռուսաստանում հայ տղամարդուն սպանած հանցագործը խոստովանել է, որ մարդակեր է
Ավտոմեքենայի բեռնախցիկում հայ տղամարդու դի տեղափոխողը խոստովանել է սպանության և մարդակերության մեջ։ Հարցաքննության ժամանակ կալանավորն ասել է, որ մարդու միս համտեսելու փորձեր է կատարել դեռևս 2020 թվականին։ Նոյեմբերի 21-ին ՌԴ Լենինգրադի մարզում տեղի ունեցած վթարից հետո տղամարդու դիակը դուրս էր ընկել նրա մեքենայի բեռնախցիկից, գրում է dailystorm.ru-ն։
Հարցաքննության ժամանակ 23-ամյա տղամարդը խոստովանել է, որ 2020 թվականի սեպտեմբերին որսի ժամանակ բռնել և դանակահարել է պատահական անցորդի։ Այս մասին հայտնել է «Հինգերորդ ալիքի» աղբյուրը։ Հարձակումից հետո կասկածյալը կտրել ու իր հետ տարել է դիակի մի մասը, բերել տուն, եփել ու կերել։ Նա մարմինը թաքցրել է խողովակի մեջ։
Ինչպես հայտնում է Znak պորտալը, 23-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել Սանկտ Պետերբուրգի փողոցներից մեկում գտնվող տան ձեղնահարկում։ «ВКонтакте»-ում մեղադրյալի էջի տեղեկությունների համաձայն՝ նա հետաքրքրված է «անարխոպրիմիտիվիզմով», անմահության էլիքսիրով և հոգեմետ երաժշտությամբ։
Նոյեմբերի 21-ին Ա-121 «Սորտավալա» ավտոճանապարհին տեղի էր ունեցել ՃՏՊ. Mitsubishi Galant-ը, որով տեղափոխում էին զոհի մարմինը, բախվել էր կանգառին։ Ականատեսները հայտնել էին, որ մեքենայի վարորդն ու ուղեւորները դուրս են ցատկել ու խուճապահար փախել անտառ։ Ոստիկանությունը բերման է ենթարկել փախուստի դիմած անձանց։
Ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել են բահեր ու պայուսակներ, իսկ վթարի վայրից 10 մետր հեռավորության վրա՝ պարանոցի վնասվածքով տղամարդու դի։ Հետաքննության տվյալներով՝ սպանված տղամարդը Հայաստանի 50-ամյա քաղաքացի է։ Ձերբակալությունից հետո ամբաստանյալները խոստովանել են, որ դիակը տեղափոխել են ավտոտնակից։ Այնտեղ սպանությունից քիչ առաջ մահացածն ընկերների հետ ալկոհոլ է խմել։