ՌԴ Պետդումայում ներկայացվել է օրինագիծ, որն արգելում է ԶԼՄ-ներում նշել հանցագործների ազգությունը
Չեչնիայի Հանրապետության խորհրդարանը Ռուսաստանի Պետդումա է ներկայացրել օրինագիծ, որն արգելում է ԶԼՄ-ներում եւ համացանցում հանցագործությունների կատարմանը ներգրավված անձանց ազգության եւ կրոնի մասին տեղեկատվության տարածումը։
Տեքստը երկուշաբթի օրը տեղադրվել է Դումայի էլեկտրոնային տվյալների բազայում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Դաշնային օրենքի նախագծով <...> առաջարկվում է արգելել ԶԼՄ-ներում, ինչպես նաեւ տեղեկատվական եւ հեռահաղորդակցական ցանցերում հանցագործությունների կատարմանը ներգրավված անձանց ազգության, կրոնի եւ Ռուսաստանի Դաշնության ժողովուրդներին պատկանող անձանց մասին տեղեկությունների տարածումը»,-ասվում է պարզաբանման մեջ։ Նախաձեռնության հեղինակների կարծիքով՝ ԶԼՄ-ներում եւ համացանցում նման տեղեկատվության տարածման արգելքի սահմանումը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգամիջյան եւ միջկրոնական ներդաշնակության եւ խաղաղության պահպանման անհրաժեշտությամբ։