Լավրովն աշխարհին կոչ է արել արձագանքել հասարակությունն ազգային հատկանիշով պառակտելու փորձերին
Հասարակությունն ազգային, կրոնական կամ լեզվական հատկանիշներով պառակտելու փորձերը պահանջում են համաշխարհային հանրության ակտիվ արձագանքը, կարծում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Եվրոպայում եւ նախեւառաջ Ուկրաինայում ու Բալթիայի երկրներում ուժեղանում է նացիոնալիզմի, հակասեմականության, ռուսատյացության դրսեւորումը։ Վարվում է մարդատյաց գաղափարների անթաքույց քարոզչություն, ակտիվանում է նեոնացիստների, այլ արմատականների գործունեությունը»,- ասել է Լավրովը Մոսկվայում մարդատյացությանը, հակասեմականությանը եւ ռասիզմին դիմակայելուն նվիրված «Պաշտպանենք ապագան» միջազգային կոնֆերանսի մասնակիցների իր դիմումում։
«Խոր մտահոգություն են առաջացնում հասարակությունը ազգային, կրոնական, լեզվական հատկանիշներով պառակտելու փորձերը։ Այդ վտանգավոր գործողությունները պահանջում են համաշխարհային հանրության ամենաեռանդուն արձագանքը, եւ այս առնչությամբ հայրենական դիվանագիտությունը պատրաստ է լայնորեն համագործակցել բոլորի, այդ թվում Ռուսաստանի եւ այլ պետությունների հրեական համայնքների հետ»,- ավելացրել է նախարարը։
Մարդատյացությանը, հակասեմականությանը եւ ռասիզմին դիմակայելուն նվիրված Մոսկվայի «Պաշտպանենք ապագան» միջազգային համաժողովը տեղի է ունենում նոյեմբերի 22-23-ին, արդեն երրորդ անգամ։