Քնի սխալ ռեժիմը բացասաբար է ազդում սրտի աշխատանքի վրա
Կանոնավոր քնելը ժամը 22- 23-ը պահպանում է սիրտ-անոթային համակարգը:
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ժամը 22-23-ն ընկած ժամանակահատվածում քնելը զգալիորեն նվազեցնում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների վտանգը։ Հետազոտությունը հրապարակվել է European Journal of Cardiology ամսագրում, հայտնում է BBC News-ը:
Փորձարկմանը, որը տևել է վեց տարի, մասնակցել է 88000 կամավոր։ Մասնագետները ձեռքի ժամացույցի նման սարքի միջոցով գրանցել են նրանց քնի և արթնության ժամերը: Նաև վերահսկել են հետազոտության մասնակիցների սրտի աշխատանքը և արյան շրջանառությունը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ 22:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում քնելը մարդկանց մեծամասնության համար երկարաժամկետ սրտի առողջության գրավականն է:
«Չնայած մենք չենք կարող ուղիղ պատճառահետևանքային կապ գտնել մեր ուսումնասիրություններում, այդուհանդերձ, արդյունքները ցույց են տալիս, որ վաղ կամ ուշ քնելը կարող է խաթարել «կենսաբանական» ժամացույցը, ինչը բացասաբար է ազդում սիրտ-անոթային առողջության վրա», – ասում է հետազոտության հեղինակը Դեյվիդ Պլենսը:
Լույսը մարելու և քնելու ամենառիսկային ժամանակը, նրա խոսքով, կեսգիշերն անց է:
Գիտնականները համոզված են, որ բավականաչափ քունը կարևոր է մեր ընդհանուր առողջության համար: Չափահասները պետք է օրական յոթից ինը ժամ քնեն:
Այնուամենայնիվ, քունը միակ գործոնը չէ, որը կարող է ազդել սրտի առողջության վրա: Կարևոր են նաև ապրելակերպը, առողջ քաշը, ճիշտ սնվելը և կանոնավոր վարժությունները։