Իրանում ֆերմերները բողոքի ակցիաներ են անցկացնում ջրի սակավության պատճառով (տեսանյութեր)
Կենտրոնական Իրանում հազարավոր ֆերմերներ, երաշտի ֆոնին, բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացնում. մարդիկ պահանջում են իշխանություններից բացել ամբարտակն ու ջուր տալ, գրում է korrespondent.net-ը:
Սպահանի ֆերմերները բողոքի ակցիաներ են սկսել նոյեմբերի 8-ից. նրանք դժգոհ են ջրամատակարարման դադարեցումից և Զեյնդեհրուդ գետի չորացումից: Սպահանի հազարավոր ֆերմերներ, որոնք հավաքվել են Զեյնդեհրուդ գետի ցամաքած հունի վրա, մասնակցել են Հաջի կամրջի մոտ անցկացվող մեծ երթին։
Սպահանում վերջին տարիներին ջրի բաշխման խնդիրը տարբեր շրջանների ֆերմերների զանգվածային բողոքի պատճառ է դարձել։ Ավելի քան 400 կմ երկարություն ունեցող Զեյնդեհրուդ գետը վերջին տասնամյակներում տեղումների բացակայության, երաշտի և տարածաշրջանի գերբնակեցման պատճառով վերածվել է «սեզոնային գետի»։ Իրանում 1999 թվականից սկսած ամեն տարի տեղումների քանակը նվազում է։