Բավարիայում չպատվաստվածների համար լոքդաուն կսահմանվի
Գերմանիայի խոշորագույն դաշնային նահանգը՝ Բավարիան, նոր սահմանափակումներ է մտցնում կորոնավիրուսային համաճարակի չորրորդ ալիքի ֆոնին։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է շրջանի վարչապետ Մարկուս Զյոդերը:
«Չպատվաստվածների համար շփումների սահմանափակումներ են մտցվում, դե ֆակտո սա լոքդաուն է ամբողջ դաշնային նահանգում»,- ասել է նա:
Սրճարաններն ու ռեստորանները կփակվեն ամենաուշը ժամը 22:00-ին։
«Գիշերային դիսկոտեկները, ակումբները կփակվեն»,- հավելել է նա,- «Բոլոր տոնավաճառներն ու Սուրբ Ծննդյան շուկաները կչեղարկվեն։ Դպրոցներն ու մանկապարտեզները կշարունակեն իրենց աշխատանքը»։
Այժմ սահմանափակումներ են մտցվում ամբողջ Գերմանիայում, յուրաքանչյուր դաշնային նահանգում դրանք կարող են տարբեր լինել։ Օրինակ՝ Բեռլինում մեկ շաբաթից ավելի է, ինչ ռեստորաններից օգտվելու հնարավորություն է տրվել միայն պատվաստվածներին և կորոնավիրուսից ապաքինվածներին։
Վերջին շաբաթների ընթացքում Գերմանիայում COVID-19-ի դեպքերը կտրուկ աճել են: Ուրբաթ օրը երկրում վարակի ավելի քան 50 հազար նոր դեպք է հայտնաբերվել։