Ստալինի ծոռան փաստաբանը խնդրել է արտաշիրիմել գլխավոր քարտուղարի աճյունը
Իոսիֆ Ստալինի ծոռ Սելիմ Բենսադի փաստաբանը խնդրել է Ստալինի մարմինը արտաշիրիմել Կրեմլի մոտ գտնվող գերեզմանից՝ Նովոդևիչի գերեզմանատանը հուղարկավորելու համար, ՌԻԱ Նովոստիին ասել է Ստալինի ծոռան մամուլի կցորդ Վադիմ Գորժանկինը։
«Իոսիֆ Ստալինի ծոռ Սելիմ Բենսադի շահերը ներկայացնող փաստաբանը պատրաստել և Մոսկվայի Կրեմլի հրամանատարության ծառայություն է ուղարկել Ստալինի աճյունի արտաշիրիմման մասին հայտարարություն»,- ասել է Գորժանկինը։
Նրա խոսքով՝ ծոռը խնդրում է պատմական արդարություն, գլխավոր քարտուղարի հետմահու կամքի կատարում, ինչպես նաև շահագրգռված է գտնել ճշմարտությունը՝ որն է եղել Ստալինի մահվան պաշտոնական պատճառը։
Մամուլի կցորդը հավելել է, որ Ստալինն իր կենդանության օրոք բազմիցս հայտնել է իր մտադրությունը՝ մահից հետո թաղվելու Նովոդևիչի գերեզմանատանը, որտեղ թաղված է նրա երկրորդ կնոջ՝ Նադեժդա Ալիլուևայի աճյունը, սակայն նրա հետմահու կտակը չի կատարվել։
«Այսպիսով՝ Ստալինի ծոռն իրավունք ունի պահանջել կատարել Ստալինի կտակը, ինչի կապակցությամբ համապատասխան հարցում է ուղարկվել Մոսկվայի Կրեմլի պարետային ծառայություն՝ ռուսական օրենսդրությամբ նախատեսված կարգով»,- մեկնաբանել է Գորժանկինը։