Լավրովը մտահոգություն է հայտնել Թուրքիայի և Ուկրաինայի միջև համագործակցության կապակցությամբ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ զրույցում Կրեմլի անհանգստությունն է հայտնել ռազմատեխնիկական ոլորտում թուրք-ուկրաինական համագործակցության կապակցությամբ։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում։
Ռուս նախարարը նաև նշել է, որ Անկարայի և արևմտյան այլ երկրների կողմից ուկրաինական իշխանությունների` հարավ-արևելքում լարվածության սրման կուրսի խրախուսումը հանգեցնում է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման։ Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են նաև իրավիճակը Անդրկովկասում և Բալկաններում։
Հոկտեմբերի 31-ին Չավուշօղլուն ասել էր, որ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, որոնք վաճառվել են Ուկրաինային, այլևս չեն կարող թուրքական կոչվել։ Նա նաև հորդորել էր չմեղադրել Անկարային այն բանի համար, որ Կիևը ռազմական գործողություններում օգտագործում է այս տեսակի զենք։ Չավուշօղլուն նշել էր, որ թուրք զինվորականները հակաահաբեկչական գործողությունների ժամանակ ռուսական զենք են գտնում, բայց հենց Ռուսաստանին չեն մեղադրում։