Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին կատարել է Հայաստանի առաջին տիկնոջ հեղինակած տանգոն
Հին տոմարով տարվա առաջին օրն անակնկալներով լի է եղել քաղաքի երաժշտասեր հասարակության համար: Իսկ անակնկալներ նրանց մատուցել է ակորդեոնահար եւ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին՝ հիացնելով իր հնչեցրած երաժշտությամբ: Հավաքվածների աչքից չեն վրիպել նաեւ տաղանդավոր այս իտալացու յուրահատուկ, Իտալիայի դրոշի գույներով կոշիկները:
Երաժիշտը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ արդեն 3-րդ անգամ հանդես է եկել միևնույն բեմահարթակում: «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած համերգի ընթացքում ներկայացվել են հայտնի այնպիսի կոմպոզիտորների սիրված ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ Նինո Ռոտան, Ռոբերտո Մոլինելին, Ֆաբիո Կոնիչիելան, Էնրիկո Բլատին և, իհարկե, Աստոր Պիացոլան:
Եվ այսպես, առաջին անակնկալը մատուցվել է Մարտին Պալմերիի «Տարվա եղանակները» ստեղծագործության համաշխարհային պրեմիերայի տեսքով: Հաջորդը հանդիսատեսն առավել հետաքրքրությամբ է ընդունել. բանդոնեոնահարը կատարել է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հեղինակած «Նվիրում տանգոյին» ստեղծագործությունը:
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին շնորհակալություն է հայտնել համերգին ներկա գտնվող Ռիտա Սարգսյանին, ողջունել նրան մշակույթ սիրելու ու երիտասարդ երաժիշտներին աջակցելու համար ու ասել, թե շատ կցանկանար, որ Իտալիայի առաջին տիկինը նման լիներ Հայաստանի առաջին տիկնոջը:
Հայ հանդիսատեսին մատուցված վերջին ու թերեւս ամենամեծ անակնկալը եղել է այն, որ իտալացի երաժիշտը կատարել է Կոմիտասի հայտնի «Կռունկ» ստեղծագործությունը:
Նշենք, որ համերգը տեւել է նախատեսվածից երկար, ինչին նպաստել է երաժշտի ու հանդիսատեսի միջեւ շատ արագ հաստատված երկխոսությունը:
Ի դեպ, համերգին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին ասել է, թե որոշել է տարին մեկ անգամ համերգով հանդես գալ հայաստանյան հանդիսատեսի առջեւ. «Առաջին անգամ Հայաստանում եղել եմ Տոնինո Գուերայի շնորհիվ: Ցավում եմ, որ այսօր նա մեզ հետ չէ, բայց ես զգում եմ նրա ներկայությունն ու պարտական եմ նրան, որ հնարավորություն տվեց ինձ ծանոթանալ հայերի հետ ու զգալ Հայաստանի շունչը»:
bravo.am