Միշուստին. արդյունավետ դեղամիջոցները պետք է հավասարապես հասանելի լինեն ԵՏՄ բոլոր երկրների քաղաքացիների համար
Անվտանգ եւ արդյունավետ դեղամիջոցները պետք է հավասարապես հասանելի լինեն ԵՏՄ հինգ երկրների քաղաքացիների համար։ Այս մասին նոյեմբերի 19-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Նա պարզաբանել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարին զուգահեռ անհրաժեշտ է ապահովել ռազմավարական նշանակություն ունեցող դեղերի արտադրությունը մեր երկրներում։
«Մենք կհաստատենք առաջիկա երեք տարիների համապատասխան գործողությունների ծրագիրը»,-ասել է Միխայիլ Միշուստինը։
«Մեր երկրները միջոցներ են ձեռնարկում վարակի տարածումը զսպելու համար։ «Ճանապարհորդություն առանց Covid-19»-ի բջջային հավելվածն ապացուցել է իր արդիականությունը»,-նշել է նա։
Հավելվածն արդեն ունի ավելի քան մեկ միլիոն օգտատեր։ Աշխատանքներ են տարվում հնարավորությունների եւ աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ։ Նախագծին մասնակցում են ԵՏՄ հինգ պետությունները եւ ԱՊՀ երկրները։ «Հույս ունենք, որ մյուս երկրները նույնպես կմիանան։ Այժմ, երբ հիվանդացության ցուցանիշը դեռ բարձր է, անհրաժեշտ է պայմաններ ստեղծել անվտանգ ուղեւորափոխադրումների համար։ Վիրուսը հաղթելու համար պետք է լիարժեք կոլեկտիվ իմունիտետ ձեւավորել, եւ դրա համար մենք մեծացնում ենք զանգվածային պատվաստումների տեմպերը»,-հավելել է Միշուստինը։