Փաշինյան. Բաքվի սադրանքներն ուղղված են եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների խափանմանը
Ինչպես մեկ տարի առաջ, երբ մենք ընդունում էինք միջկառավարական խորհրդի հերթական նիստը, այնպես էլ այսօր Հայաստանը բախվում է լուրջ մարտահրավերների, որոնք սպառնում են նրա անվտանգությանը։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում նոյեմբերի 19-ին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ափսոսանք հայտնեց այն առնչությամբ, որ այսօրվա նիստը նույնպես ընթանում է Հայաստանի համար լարված իրադրությունում։
«Մեր տարածաշրջանը ներքաշվել է սրացման նոր փուլ, որը, դժբախտաբար, հանգեցրել է հերթական մարդկային զոհերի։ Դրա պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, որի ռազմական սադրանքներն ուղղված են մեր երկրի տարածքային ամբողջականության խախտմանը եւ 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի եռակողմ համաձայնություններով ձեռք բերված պայմանավորվածությունների խափանմանը»,- նշեց Փաշինյանը։